Հոկտեմբերի 26-ին «Սպուտնիկ Արմենիայում» կազմակերպվել էր հերթական տեսակամուրջը` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ներկայացուցիչների մասնակցությամբ (տարօրինակ էր, որ չկային ՌԴ ներկայացուցիչներ), որն ամփոփում էր Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները: Հայկական կողմը ներկայացնում էին «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը: ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունավետությունն ու անհրաժեշտությունը հիմնավորելուց հետո (փաստորեն ոչ միայն Հայաստանում կան կասկածներ) մասնակիցներն անցան երևանյան նիստի առարկայական գնահատականների: Երևանյան նիստից կարևորվում էին թվային տեխնոլոգիաներին անցման որոշումը և տրանսպորտային ենթակառուցվածքների հասանելիությունը ԵԱՏՄ բոլոր անդամների համար (Վլադիմիր Տելնով, Ղազախստան):
Ղազախստանի ներկայացուցիչը նշեց նաև, որ շատ կարևոր է աշխատանքը Չինաստանի ու Եվրոպայի հետ: Ղրղզստանի ներկայացուցիչ Ժումակադիր Ակենեևը ևս թվային տեխնոլոգիաներին անցումը կարևորեց և իր խոր հիասթափությունը հայտնեց, որ Երևանում չստորագրվեց ճանապարհային քարտեզը, որին դեմ էր Ղազախստանի վարչապետը: Նա հանգամանալից պատմեց Ղազախստան-Ղրղզստան սահմանակետերում կուտակված բեռնատարների մասին: Տուժում են ոչ միայն ղրղզ ու ռուս ձեռներեցները, այլև բնակիչները (սննդամթերքը փչանում է): Նրա գնահատմամբ դա այսօր թիվ 1 խնդիրն է: Բելառուսին (Վյաչեսլավ Յարոշևիչ) հետաքրքրում էին միասնական նավթագազային շուկայի ստեղծման հարցերը: Նրա կարծիքով թվային տեխնոլոգիաները շատ կարևոր են, բայց կան առավել կենսական հարցեր (մսի, կաթի մատակարարման): Վյաչեսլավ Յարոշևիչը ևս մեկ կենսական հարց բարձրացրեց` հավաստի տվյալների հասանելիության ու վիճակագրության, այլապես ընդհանուր հաշվարկները խառնվում են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Տեսակամրջի ամենատարօրինակ հարցը, թերևս, ղազախ լրագրողինն էր` նրան հետաքրքրում էր` ինչու՞ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին` ընդհանուր սահմաններ չունենալով: Այդ և այլ հարցերի ու պատասխանների մասին «Իրատեսի» հաջորդ համարում: